• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

23 ապրիլի, 2021
ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սիրելի հայրենակիցներ Չեխիայում, Սերբիայում, Խորվաթիայում, Սլովենիայում և Չեռնոգորիայում

Հարգելի գործընկերներ և ընկերներ,

Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի ոգեկոչման կապակցությամբ այս օրերին կանգնեցին հայ ժողովրդի կողքին:

Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Չեխիայի Խորհրդարանի Սենատին, որն անցյալ տարի միացավ արդարության համար պայքարող այս մեծ ընտանիքին` 2020 թ. մայիսի 20-ին ընդունելով Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, այդ գործընթացի նախաձեռնողներ Միլան Շտյեխին և Միլուշե Հորսկային և գործին աջակցող բոլոր սենատորներին:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչում ենք մի երկրում, որը հայրենիքն է հայտնի ճանապարհորդ և գրող Կարել Հանսայի և ականավոր արձակագիր Ֆրանց Վերֆելի, ովքեր առաջիններից Եվրոպայում փաստագրել են Հայոց ցեղասպանության սարսափները և որոնց ծննդյան 130-ամյակը նշվեց անցած տարի: Ողջունում ենք Սերբիայում, Խորվաթիայում, Սլովեինիայում և Չեռնոգորիայում այն քաղաքական և հասարակական գործիչներին, որոնք աջակցում են այդ երկրներում Հայոց ցեղասպանության մասին իրազեկմանը և ճանաչմանը։

Չնայած ցեղասպանությունների դատապարտման ուղղությամբ ձեռնարկված միջազգային ջանքերին, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր քաղաքականությունը՝ ոչ միայն վիրավորանք հասցնելով ցեղասպանության զոհերի արժանապատվությանն ու հիշատակին, այլև՝ քաղաքակիրթ միջազգային հանրության արդարացի պահանջին:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ

Այսօր մենք ոգեկոչում ենք նաև բոլոր նրանց հիշատակը, ովքեր դիմագրավեցին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացված լայնածավալ ագրեսիային, որն արտացոլում էր նույն ցեղասպան մտադրությունն, ինչ 106 տարի առաջ:

Ադրբեջանի կողմից ագրեսիան ոչ միայն հրահրված էր Թուրքիայի անվերապահ աջակցությամբ, այլև՝ ռազմական գործողություններին նրա ծրագրված անմիջական մասնակցությամբ և Մերձավոր Արևելքից հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ։

Թուրքիայի մշտական ​​աջակցությամբ և խրախուսմամբ, Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվեց զինված ընդհարումներում կիրառվող օրենքների և սովորույթների բազմաթիվ կոպիտ խախտումներով և պատերազմական հանցագործություններով, ներառյալ՝ արգելված կասետային զինատեսակների և քիմիական զենքի կիրառմամբ քաղաքացիական բնակչության և կարևոր ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը, ռազմագերիների և քաղաքացիական գերիների նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը, կամայական մահապատիժները, գլխատումները, դիերի խեղումը և այլ հստակ փաստագրված հանցագործություններ՝ ուղղված նախնիների հողերում հայ բնակչության էթնիկական զտմանը:

Ավելին, ադրբեջանաթուրքական տանդեմի հակահայկական քաղաքականությամբ սնուցվող այլատյացական վերաբերմունքն ու ցեղասպան մտադրությունը ուղղակի սպառնալիք են Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությամբ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների փոխանակում նախատեսող դրույթի խախտմամբ, կալանքի տակ պահվող մեր հայրենակիցների համար։

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից փաստերի և վկայությունների աղավաղումը ժխտողականության վտանգավոր դրսևորում է, որի միջոցով Թուրքիայի և Ադրբեջանի հասարակություններում քարոզվել է ատելություն հայերի նկատմամբ և զարկ տրվել ցեղասպան միտումներին:

Թուրքադրբեջանական տանդեմը նաև պատասխանատու է համակարգված մշակութային ցեղասպանության իրագործման համար, որի նպատակը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայերի քաղաքակրթական ներկայության ցանկացած հետքի վերացումն է: Մինչ թուրքական իշխանություններն աչքի են ընկնում հայկական եկեղեցիները բռնագրավելու և դրանք աճուրդի հանելու հարցում, նրանց ադրբեջանցի եղբայրներն անխնա լծվել են իրենց վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացմանն ու յուրացմանը՝ պայթեցնելու, հողին հավասարեցնելու կամ դրանց կեղծ «կովկասյան ալբանական» ծագում վերագրելու միջոցով:

Սիրելի բարեկամներ,

Ինչպես 1915թ․-ին, ավելի քան մեկ դար անց, Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հասարակական կարծիքը և պատմական իրողությունը: Թուրքիայի ժխտողականության և արդարացման քաղաքականությունն ու գործողությունները բացահայտորեն հակադրված են վայրագ հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարին, խարխլելով ցեղասպանությունների իրագործման կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության համառ ջանքերը։  

Մեր պատմության այս սարսափելի էջից ի վեր՝ հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ են եղել նման հանցագործությունների մասին իրազեկման բարձրացմանը, ժխտողականության դեմ պայքարին ու աշխարհի ցանկացած մասում ոճրագործությունների կրկնությունը թույլ  չտալուն ուղղված ջանքերին:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և զոհերի հիշատակը և արժանապատվությունը հարգելը՝ ցեղասպանությունների կանխարգելման կարևորագույն գործոններից են։ Արցախյան վերջին պատերազմը և դրան հաջորդած զարգացումները ակնհայտորեն ցույց տվեցին, որ պետք է հստակ ուղերձ հղել մարդկության դեմ զանգվածային ոճրագործությունների հեղինակներին, որ քաղաքակիրթ միջազգային հանրությունը չպետք է մի կողմ կանգնի՝ դիտելու նոր ցեղասպանությունների իրագործումը։  

Սեփական պատմության մութ էջերի հետ առերեսումը և դատապարտումը միայն պատիվ է բերում պետություններին, հիմք ստեղծելով ժողովուրդների միջև տևական խաղաղության հաստատման համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: