• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Պրահայում բացվեց հին հայկական ձեռագրերի ցուցահանդես, տեղի ունեցավ Հայաստանի Անկախության 27-ամյակին նվիրված տոնական ընդունելություն

08 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 8-ին Պրահայի Ստրահովի վանահամալիրի Աստվածաբանական շքեղ սրահում բացվեց «Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը. հոգևորը, արվեստը և երաժշտությունը հայկական միջնադարյան ձեռագրերում» խորագիրը կրող հին հայկական ձեռագրերի ցուցահանդեսը, որ նվիրված է Հայաստանի և Չեխոսլովակիայի առաջին հանրապետությունների 100-ամյակներին։

Ցուցահանդեսը նախաձեռնել և համակարգել են Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը և  Ստրահովի վանահամալիրը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Վիեննայի Մխիթարյան միաբանության և մասնավոր նմուշահավաքների մասնակցությամբ։ Ցուցահանդեսի կուրատորն, ինչպես նաև այդ առթիվ հատուկ հրատարակված պատկերագրքի հեղինակն է՝ հայագետ, երաժշտագետ, Պրահայի Կարլի համալսարանի նվագախմբի և երգչախմբի ղեկավար՝ դոկտոր Հայկ Ութիջյանը։

Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ գրադարանի պատկերազարդ Փիլիսոփայական սրահում։ Ձեռնարկը սկսեց վանահամալիրի գրադարանների և թանգարանների տնօրեն, վանահայր Էվերմոդ Գեյզա Շիդլովսկին, ով, հակիրճ ներկայացնելով ցուցահանդեսի կայացման գործընթացն ու պատմությունը, իր երախտագիտության խոսքերը հղեց բոլոր համակազմակերպիչներին և մասնակիցներին։ Չթաքցնելով իր ոգևորությունը, նա հատկապես ընգծեծ, որ հայկական միջնադարյան գանձերի համար հարկավոր էր տրամադրել համապատասխան շքեղությունն ունեցող սրահ և որոշում կայացվեց մեկ ամսով հատուկ այդ առիթով հանրության առջև բացել ցուցահանդեսի թեմային համահունչ՝ ավելի քան 60 տարի լայն հանրության համար փակ՝ գրադարանի Աստվածաբանական սրահը։

Այնուհետև ելույթով հանդես եկավ ՉՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Նա իր խոսքը սկսեց Շարլ Ազնավուրի ու Մոնսերատ Կաբալյեի մասին հիշատակումով, այնուհետև հակիրճ ներկայացրեց ցուցահանդեսի նախապատմությունը, հայկական ձեռագրերի բացառիկությունն ու հայ ժողովրդի համար նրանց կարևորությունը, նշելով, որ նման ձեռնարկի կազմակերպումը կարևորագույն մշակութային իրադարձություն է յուրաքանչյուր դիվանագետի համար։ Դեսպան Սեյրանյանը ևս երախտագիտության խոսքեր հղեց ցուցահանդեսի բոլոր համակազմակերպիչներին, մասնակցիներին, համակարգողին, օժանդակողներին և այցելուներին։

Բացման արարողությանը ելույթով հանդես եկավ նաև Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն դոկտոր Կարեն Մաթևոսյանը։ Նշելով, որ ձեռագիր գիրքը հայկական մշակութային ժառանգության գլխավոր բաղադրիչներից է, նա անդրադարձավ Մաշտոցյան Մատենադարանի կողմից տրամադրած ձեռագրերին, որոնց օգնությամբ հնարավոր է ընդհանուր պատկերացում կազմել հայ հոգևոր մշակույթի՝ մասնավորապես, մանրանկարչության և երաժշտական արվեստի մասին։ Մատենադարանի կողմից ընձեռած ձեռագրերը ներկայացնում են ինչպես մանրանկարչական տարբեր դպրոցներ, այնպես էլ գրական, երաժշտական ու աստվածաբանական տարբեր գործեր, հատկապես առանձնացնելով 12-րդ դարի Նարեկի լավագույն օրինակը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Վիեննայի Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչ՝ հայր Վահան Հովակիմյանը։ Նա ներկայացրեց աբբահայր Պողոս Գոճանյանի ուղերձն, ուր շնորհավորական խոսք էր հղում ցուցահանդեսի բացման կապակցությամբ և ներկայացնում Միաբանության կողմից ներկայացված ձեռագրերի նկարագրությունը։

Ցուցահանդեսի բացման արարողությունը եզրափակեց ցուցահանդեսի համակարգող և 336-էջանոց պատկերագրքի հեղինակ դոկտոր Հայկ Ութիջյանը։ Վերջինս, նախ, իր երախտագիտությունը հայտնեց վանահայր Շիդլովսկուն և ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովային, ովքեր իրենց գործուն աջակցությամբ և ջանքերով կարճ ժամանակահատվածում իրականություն դարձրեցին ցուցահանդեսը։ Շնորհակալական խոսքեր հայտնելով Մատենադարանին և Վիեննայի Մխիթարյան Միաբանությանը, Հայկ Ութիջյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Փարիզից Բազմաջյան և Կիպրոսից Բեդելյան ընտանիքներին՝ իրենց մասնավոր հավաքածոները տրամադրելու կապակցությամբ, ինչպես նաև հեղինակավոր բոլոր այն գիտնականներին, ովքեր համագործակցել են պատկերագրքի հեղինակի հետ իր աշխատանքներն իրականացնելիս։

Այնուհետև դեսպան Սեյրանյանն ու հայր Շիդլովսկին, կտրելով ժապավենը, բացեցին ցուցահանդեսը, որին ներկայացված են 25 բացառիկ նմուշներ, այդ թվում. Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու Ճաշոցը, Բարձրաբերդի Ավետարանը, Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, Վիեննայի Շնորհալու նկարներով օժտված փոքրադիր ժամագիրքը և, վերջին պահին Ստրահովի գրադարանի պահոցում հայտնաբերված՝ 1726 թվականին գրված «Ստեփանեան Քերականութիւն»-ը։

Ցուցահանդեսին զուգահեռ նույն սրահում կանցկավեն երկու դասախոսություններ ՝ հոկտեմբերի 12-ին և 29-ին, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր՝ հայագետ Թեո վան Լինտի և Հայկ Ութիջյանի կողմից։ Ակնկալվում է, որ հին հայկական ձեռագրերին կծանոթանան հազարավոր այցելուներ։ Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 6-ը:

**********

Ցուցահանդեսի բացման արարողությունից անմիջապես հետո Ստրահովի վանահամալիրի Ամառային րեֆեկտորիումի շքեղ դահլիճում Չեխիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 27-րդ տարեդարձին:

Հանդիսությունը Հայաստանի և Չեխիայի օրհներգերի կատարմամբ  բացեց տաղանդավոր օպերային երգչուհի Տաթևիկ Առաքելյանը։

Այնուհետև ձեռնարկի հարյուրավոր հյուրերին շնորհավորական ելույթներով դիմեցին Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը և խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի տեղակալ Վոյտեխ Պիկալը։

Դեսպան Սեյրանյանն անդրադարձավ Հայաստանի Անկախության 27-ամյա ուղու ձեռքբերումներին և մարտահրավերներին։ Նա նշեց, որ ընթացիկ տարվա գարնանը՝ հեղափոխական իրադարձությունների ժամանակ հայ ժողովուրդը դրսևորեց իր կամքն ավելի լավ ապագա կառուցելու, խաղաղ և բարեկեցիկ կյանք ունենալու համար: Հայաստանի նոր կառավարությունը հաստատակամ է ժողովրդավարական գործընթացների միջոցով պայքարելու կոռուպցիայի և բյուրոկրատիայի դեմ, աղքատությունը վերացնելու ուղղությամբ:

Դեսպանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին, նշելով, որ կգա այն օրը, երբ Արցախի Հանրապետությունը պաշտոնապես իր տեղը կգտնի անկախ պետությունների ընտանիքում։

Հայ դիվանագետը խոսեց ՀՀ-ԵՄ և հայ-չեխական բարձր մակարդակի հարաբերությունների մասին։ Նա հույս հայտնեց, որ ՉՀ խորհրդարանի Պատգամավորների պալատը, հետևելով Սենատի օրինակին, մոտ ապագայում կվավերացնի նախորդ տարի Բրյուսելում ստորագրված ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Դեսպան Սեյրանյանը նշեց, որ դինամիկ կերպով զարգանում են երկկողմ տնտեսական հարաբերությունները, արձանագրեց, որ 2018թ. առաջին 7 ամիսների ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 78%-ով։ Միաժամանակ, ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարը չեխ գործարարներին հրավիրեց Հայաստան՝ ներդրումներ կատարելու նպատակով։ Ելույթի ավարտին նա արժևորեց Չեխիայի երիտասարդ հայ համայնքի ձեռքբերումները և շնորհակալություն հայտնեց ձեռնարկի հովանավորներին։

Խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Վոյտեխ Պիկալը, ով նաև Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ է, բարձր գնահատեց Հայաստանի հետ Չեխիայի հարաբերությունները, նշեց, որ, 2018 թվականը խորհրդանշական է երկու պետությունների և ժողովուրդների համար, քանզի և՜ Չեխիայում և՜ Հայաստանում նշվում են Առաջին հանրապետությունների 100-ամյա հոբելյանները։ Նա հավելեց, որ Չեխիան
պատրաստ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, սատարելու  ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, օգտվելով նաև ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ ընձեռնած գործիքակազմից։

Ցացուհանդեսի բացման արարողությանը և Ազգային տոնի ընդունելությանը մասնակցեցին Չեխիայի խորհրդարանի անդամներ, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Դոմինիկ կարդինալ Դուկան, երկրում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ, Չեխիայի նախագահի աշխատակազմի,  արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի գործիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների, երկրի գործարար աշխարհի, Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

 

Ձեռնարկի ավարտին բազմաթիվ հյուրերը համտեսեցին հայկական հարուստ խոհանոցի ճաշատեսակներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: