• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը «Novinky.cz» կայքի հատուկ թողարկմանը

09 նոյեմբերի, 2020
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը «Novinky.cz» կայքի հատուկ թողարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակվում է ավելի քան երեսուն տարի: Այն չի լուծվել վեցամյա մարտերից հետո 1994 թ.-ին կնքված զինադադարով, որը հայկական ուժերին թույլ է տվել վերահսկել նախկին Ադրբեջանի ԽՍՀ տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները: Լեռնային Ղարաբաղում գտնվող Արցախի Հանրապետությունը երբեք միջազգայնորեն չի ճանաչվել, Ադրբեջանը չի հաշտվել իր տարածքի կորստի հետ և, վկայակոչելով տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային կոնվենցիաները, ձգտում է այդ շրջանները վերադարձնել իր վերահսկողության տակ:

Սահմանային բախումներ են տեղի ունեցել 2010 թվականից ի վեր: Վերջին, 2020 թ. սեպտեմբերի 27-ին մեկնարկած բախումները, մինչ օրս ամենաարյունալին են և, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով, առաջին չորս շաբաթվա ընթացքում խլել են 5000 կյանք: Շատ ծանր պատմություն ունեցող այս բարդ հակամարտությունն ավելի լավ հասկանալու համար՝ «Նովինկի»-ն կոչ արեց Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին հարցազրույցներ տալ այս հարցի վերաբերյալ: Երկու դիվանագետների հայտարարությունները ցույց են տալիս հակասությունների խորությունը, բերված փաստերից շատերը դեռևս հաստատված չեն, և դրանք հնարավոր չէ ստուգել, երբեմն շատ հակասական են և երբեմն էլ թույլատրելիի եզրին: Այնուամենայնիվ, «Նովինկի»-ն դրանք հրապարակեց, որպեսզի ընթերցողները կազմեն իրենց սեփական կարծիքը:

Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը հարցազրույց էր տվել հոկտեմբերի կեսերին, որը թարմացվել էր նոյեմբերի սկզբին:

Պարոն դեսպան, ի՞նչ տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները:

Կիրակի, սեպտեմբերի 27-ին, առավոտյան 6: 30-ին, Ղարաբաղում մարդիկ արթնացան ռումբերից և կրակոցներից: Սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական բանակը ամբողջ ուժով անցավ հարձակման: Այն շատ լավ նախապատրաստված էր, քանի որ գաղափարը «բլիցկրիգ»-ն էր, որը պետք է ավարտվեր եթե ոչ թե մեկ օրում, ապա շատ արագ: Այդ իսկ պատճառով նրանք օգտագործեցին ավիացիա, հրետանի, տանկեր և անօդաչու թռչող սարքեր, որոնք նոր էին և խնդիրներ էին առաջացնում: Նրանք ռմբակոծում և ռմբակոծում էին, երկիրը ներխուժման նախապատրաստելու համար, բայց մի քանի օր անց ձախողվեցին: Ադրբեջանցիները «բլիցկրիգ» էին ուզում, բայց նրանք արդեն չորս շաբաթ պայքարում են, և պարզվում է, որ միայն Ադրբեջանի բանակը չի կարող ոչինչ անել առանց Թուրքիայի աջակցության, ինչը նրանց շատ էր զայրացնում:

Հայաստանին այս պատերազմը պետք չէր, առավել ևս՝ պատերազմ միջազգային ահաբեկիչների և Թուրքիայի մասնակցությամբ, չնայած գիտեր ադրբեջանական քարոզչության մասին, որն առաջացնում էր հակահայկական տրամադրություններ ադրբեջանական բնակչության շրջանում և Ադրբեջանում թուրքական ազգայնականության աճ: Մենք գիտեինք, որ նրանք օգտագործում են առևտրային գործիքներ՝ նավթից և գազից ավելի շատ շահույթ ստանալու համար, որպեսզի կարողանան զենք գնել: Նրանք մասնակցում էին բանակցություններին, բայց մենք գիտեինք, որ նրանք այլ լուծում ունեն, երբ գնում էին շատ կատարելագործված զենքեր, որոնք մասսայաբար կիրառեցին՝ թուրքական տեխնիկա, իսրայելական անօդաչու թռչող սարքեր, ինչը շատ արդյունավետ էր:

Ի՞նչ է տեղի ունեցել մեկ ամսվա ընթացքում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (որոնց 90-ականներից վստահվել է տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը՝ խմբ․) մի քանի անգամ փորձեցին միջնորդել հրադադարի հաստատման նպատակով: Ցավոք, մարդասիրական նկատառումներից ելնելով հաստատված հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը երեք անգամ խախտեց համաձայնությունը: Վերջինս հրադադարի համաձայնագրերը չկատարելու կեղծ մեղադրանք ներկայացրեց հայկական կողմերին (այսինքն ՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը՝ խմբ.): Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ միջազգային վերահսկողության մեխանիզմների ստեղծումը այլընտրանք չունի, որից համառորեն հրաժարվում է Ադրբեջանը: Դեռ 1994-ի մայիսին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հրադադարի և զինադադարի մասին եռակողմ համաձայնություն էր ձեռք բերվել: Մինչ այժմ շփման գծում խաղաղապահներ չեն եղել, այլ՝ միայն առանձին դիտումներ ԵԱՀԿ առաքելության կողմից: Քսան տարի շարունակ Հայաստանն առաջարկել է ստեղծել հետաքննության մեխանիզմ ՝ պարզելու համար, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը, բայց ապարդյուն:

Հայկական կողմը բազմիցս ուշադրություն է հրավիրել Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի տարբեր «թեժ կետերից», հատկապես Թուրքիայի կողմից վերահսկվող Սիրիայի տարածքներից միջազգային ահաբեկիչ-զինյալների և ջիհադիստների հավաքագրմանը, ինչպես նաև նրանց հետագա տեղափոխմանը դեպի տարածաշրջան՝ Արցախի ժողովրդի դեմ ոճրագործություններ իրագործելու նպատակով: Դա հաստատում են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և մեր բազմաթիվ գործընկերների հատուկ ծառայությունները, միջազգային հանրության հետ միասին, այլև՝ Պաշտպանության բանակի կողմից գերեվարված ահաբեկիչների անմիջական ցուցմունքները:

- Ի՞նչ դեր է խաղում Թուրքիան և նրա զենքը հակամարտությունում:

Հիմնական խնդիրը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունն է, նրա ծավալապաշտական երազանքները, որոնք ձգվում են Միջերկրական ծովից Սիրիայի տարածքով, Կիպրոսից մինչև Լիբիա, որոնք ոչնչացնում են բնակչությունն ամենուր, ներառյալ Սիրիայի հայերին: Նա աջակցում է ահաբեկիչներին և նույնիսկ նրանց տեղափոխել է Կովկաս: Եվ նա նաև խաղում է Եվրամիության հետ միգրանտների հարցերով: Այս ամենը նրա երազանքի մի մասն է, որը ազդում է այլ երկրների և դրանցում ապրող մարդկանց, այդ թվում `մեր ժողովրդի վրա: Եվ մեր ժողովուրդը մեծ փորձություն է ունեցել այս վերջին հարյուր տարվա ընթացքում, նրանք վերապրել են թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը, թուրքերը մեր հայրենիքին, և այժմ նրանք դա կրկնում են: Թուրքերը տեսնում են, որ անպատիժ են, քանի որ մինչ օրս պատիժ չեն կրել։

Սա է այսօրվա հակամարտության հիմնական պատճառը: Նրանք չեն ցանկանում զինադադար և խրախուսում են ադրբեջանցիներին շարունակել մարտերը: Ադրբեջանցիները նրանց համար կարևոր չեն: Մարտերը տեղի են ունենում միայն Էրդողանի երազանքների պատճառով, ով ներկայանում է որպես իսլամական մեծ առաջնորդ, թուրքական մեծ առաջնորդ, իրեն զգում է միաժամանակ սուլթան և Աթաթուրք: Դա կարելի է տարբեր ձևերով կոչել, բայց ես դա կանվանեի սովորական թուրքական ֆաշիզմ: Ընդ որում, երեսուն տարի տևած հակամարտության մեջ ավելի լավ է չգնալ ռազմական լուծման և բանակցել: Դա հեշտ չէ, դժվար հակամարտություն է, բայց շատ ավելի լավ է բանակցել, քան հազարավոր զոհեր ունենալ:

Մեծ տերությունները, ներառյալ ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը և Ֆրանսիան, կոչ են անում խաղաղության: Այնուամենայնիվ, Թուրքիան չի ցանկանում ընդունել նրանց տեսակետները, նույնիսկ, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սուր քննադատության է ենթարկել Անկարային: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիային հստակ հասկացրել է, որ այն պետք է շատ ավելի պատասխանատու լինի, էլ չեմ խոսում նախագահ Էմանուել Մակրոնի մասին:

- Հնարավո՞ր է արդյոք արագ հասնել հրադադարի, նույնիսկ եթե Լեռնային Ղարաբաղում ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը կորցնի իր տարածքի մի մասը:

Մինչ Հայաստանը և Արցախի Հանրապետությունը հայտարարում են առանց նախապայմանների գործելու պատրաստակամության մասին, ադրբեջանցիները ցանկանում են միայն մեկ բան՝ Ղարաբաղն առանց հայերի: Մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ Հայաստանն ու փոքր Արցախի Հանրապետությունը պայքարում են իրենց գոյության համար:

Երբ նրանք գնդակոծում են Ստեփանակերտն ու այլ քաղաքներ, նրանք սպանում են խաղաղ բնակիչների: Նրանք թիրախավորեցին Ստեփանակերտից հեռու գտնվող հիվանդանոցը, որտեղ բուժում էին քաղաքացիական անձանց, իսկ ավելի վաղ հարվածել էին Ղարաբաղի տարածքից դուրս գտնվող Հայաստանի տարածքին՝ ենթադրելով, որ Հայաստանը կարող է հրթիռային հարվածներ հասցնել: Նրանք ուզում են Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Բայց եթե նրանք ուզում են մեծ բախում, մեծ պատերազմ, եթե պատրաստ են դրան և եթե չեն ուզում հրաժարվել դրանից, ապա կարծո՞ւմ են, որ հայերը հանձնվելու են: Հայերը չեն հանձնվում, քանի որ պաշտպանվում են, պաշտպանում են իրենց հայրենիքը և գոյությունը:

Բայց մարտերը տեղի են ունենում հիմնականում Լեռնային Ղարաբաղում: Ինչո՞ւ եք ներգրավված դրանց մեջ:

Հայրենիքը չի կարող բաժանվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, քանի որ դրանք հայերի բնակության վերջին վայրերն են: Բայց այսօր գլխավորը՝ պատերազմն ամեն գնով դադարեցնելն է: Սա մեծ հումանիտար աղետ է ողջ տարածաշրջանի համար: Մեզ հարվածեց համաճարակը, ինչպես Ղարաբաղին, այնպես էլ նաև Ադրբեջանին և Թուրքիային, բայց Էրդողանին միևնույնն է։

Դուք բանակցությունների պայմաններ ունե՞ք:

Մենք պատրաստ չենք Թուրքիային ընդունել որպես բանակցությունների կողմ: Ադրբեջանցիները պնդում են բանակցություններում Թուրքիայի միջնորդության վրա, բայց Թուրքիան չեզոք չէ: Նրանք եկան մի զավեշտալի բանաձևի, թե իբր Ռուսաստանը սատարում է Հայաստանին, իսկ Թուրքիան ՝ Ադրբեջանին, այնպես որ՝ թող երկու տերությունները կարգավորեն հարցը: Բայց այս հակամարտության մեջ Թուրքիայի և Ռուսաստանի կարգավիճակները համեմատելի չեն: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական միջնորդ ու համանախագահ է: Ռուսաստանի գործընկերները Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան են, այլ ոչ թե Թուրքիան: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի հակամարտության մեջ ներգրավված երկու երկրների ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց Թուրքիան նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ և երեսուն տարի փակել է Հայաստանի հետ սահմանները:

Բայց արդյո՞ք Ադրբեջանը ճիշտ չէ, երբ ասում է, որ Լեռնային Ղարաբաղը գրավված է, քանի որ Խորհրդային Միության փլուզման պահին նա եղել է Ադրբեջանի ԽՍՀ մաս:

Ես չեմ ցանկանում անդրադառնալ խորը պատմությանը, բայց Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Դա ինքնավար մարզ էր Ադրբեջանի ԽՍՀ կազմում: Եվ այն նրան կցվել էր ոչ թե ժողովրդի, այլ միայն Ստալինի որոշմամբ: 1920-ականների սկզբին այստեղ բնակվողների ավելի քան իննսուն տոկոսը հայեր էին: Չնայած Ադրբեջանի ԽՍՀ առաջին քարտուղար Հեյդար Ալիևը երկար տարիներ փորձեց կրճատել այդ տոկոսը, նույնիսկ 1980-ականների վերջին հայերն այստեղ ավելի քան 75 տոկոս էին կազմում: Լեռնային Ղարաբաղի հայերը հավատացել էին Գորբաչովի «գլասնոստի» և վերակառուցման քաղաքականությանը և ցանկանում էին միավորվել Հայաստանի հետ:

Երբ 1991-ին ԽՍՀՄ-ը փլուզվեց, Գորբաչովը մշակեց սահմանադրություն, որում նախանշվեց, թե ինչպես կարող են առանձին դաշնային հանրապետություններ միությունից դուրս գալ, քանի որ բոլորն արդեն ցանկանում էին հանրաքվեներ անցկացնել: Օրենքն ասում էր, որ, եթե հանրապետությունում կա ինքնավար մարզ, այն կարող է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը և կարող է ձեռք բերել անկախություն: Այն ժամանակ, երբ Ադրբեջանում անցկացվեց հանրաքվե, հանրաքվե անցկացվեց նաև Լեռնային Ղարաբաղում ՝ Ադրբեջանից դուրս գալու քվեարկությամբ: Այսպիսով, ստեղծվեցին երկու պետություններ՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը: Սրանք երկու անկախ պետություններ են, մեկը՝ միջազգային հանրության կողմից ճանաչված, իսկ մյուսը՝ ոչ, բայց վերջինում նույնպես գործում են բոլոր կառույցները՝ խորհրդարանը, կառավարությունը, ընտրություններ են անցկացվում:

Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախի Հանրապետությունը:

Հայաստանը չի ճանաչել, բայց միայն մեկ պատճառով. դա փոխզիջում է Հայաստանի կառավարության կողմից՝ ի շահ բանակցությունների, քանի որ մենք չենք ուզում կրակին յուղ լցնել: Մենք գիտենք, որ դա բանակցությունների առանցքային թեմաներից մեկն է: Մենք այն ցանկացած պահի կարող ենք ճանաչել, աջակցում ենք, բայց ճանաչումը՝ միակողմանի քայլ է:

Սակայն, եթե ադրբեջանցիները միայն տարածքային ամբողջականություն են պահանջում, սա նշանակում է, որ բանակցություններն անհնար են, քանի որ սա վերջնագիր է, երբ դու արդեն վերջնական որոշումներ ես կայացրել քեզ համար: Բայց մեր կառավարությունը դեռ հավատում է, որ բանակցությունները մեկ օր դարձյալ կշարունակվեն: Ռազմական գործողությունների սրման հետ մեկտեղ, ավելի ու ավելի հրատապ է դառնում Արցախի ժողովրդի ազատության ու ինքնորոշման հարցը: Որքան շատ են մարդիկ տառապում, այնքան ավելի շատ են պահանջում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:

Ադրբեջանա-թուրքական տանդեմը նույնիսկ ավելի հեռուն գնաց՝ հաստատելով տարածաշրջանում ցեղասպանություն իրականացնելու իրենց մտադրությունները: Ադրբեջանը շարունակում է կիրառել միջազգային իրավունքով արգելված պայքարի միջոցներն ու մեթոդները: Կասետային զենքից բացի, այն այժմ կիրառում է ֆոսֆորային զենք, որը պարունակում է քիմիական զենքի տարրեր, ինչը միջազգային իրավունքի, Ժնևի կոնվենցիաների, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաների և փաստաթղթերի դրույթների կոպիտ խախտում է:

Ադրբեջանը ցանկանում է տարածքն առանց բնակիչների, քանի որ իր համար սա տարածքի համար հակամարտություն է, մինչդեռ հայկական կողմերի համար դա միշտ եղել է մարդկանց, պատմական հայրենիքում նրանց ապրելու և, առհասարակ, ապրելու իրավունքի մասին: Իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ մարդիկ կյանք չէին ունենա Ադրբեջանի իշխանության ներքո:

Տարիներ շարունակ շատերն ասում էին․ Ադրբեջա՛ն, դուք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին համարում եք ձեր քաղաքացիներ, ուրեմն համոզեք այդ մարդկանց, որ դուք այնքան լավն եք, որ նրանք անհանգստանալու կարիք չունենան: Բայց չեն անում, փոխարենը զենք են կիրառում: Նրանք սպանում են: Նրանց նպատակն է՝ տարածքը մաքրել բնակիչներից:

Այս դեպքերի համար միջազգային հանրությունը մշակել է արդյունավետ միջոցներ` կանխելու ողջ ժողովրդի կոլեկտիվ և անհատական իրավունքների խախտումները և պաշտպանելու նրանց ֆիզիկական ոչնչացումից: Խոսքը վերաբերում է այս ժողովուրդների՝ «անջատում հանուն փրկության» իրավունքը ճանաչելուն: Արցախի Հանրապետության ճանաչումն այժմ նրա բնակիչներին ցեղասպանությունից փրկելու անհրաժեշտ և միակ միջոցն է:

Այնուամենայնիվ, ես կցանկանայի նորից շեշտել, որ հայկական կողմերը հավատարիմ են մնում խնդրի խաղաղ կարգավորմանը և պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ 1994-1995 թվականների համաձայնագրերի հիման վրա հաստատված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք փոխզիջման, բայց ոչ միակողմանի զիջումների:

Ցավոք, մենք տեսնում ենք, որ բարբարոսությունն ու ահաբեկչությունը տարածվում են եվրոպական տարբեր երկրներ, և մենք շատ վրդովված ենք այդ հրեշավոր հարձակումներից: Արցախի հայերը պայքարում են Թուրքիայի հովանավորյալ այս ահաբեկիչների ու նրանց ադրբեջանցի պատվիրակների դեմ:

 

Հոդվածը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://special.novinky.cz/karabach-valka-o-cernou-zahradu/novinky-cz-asot-hovakimjan-rozhovor.html?fbclid=IwAR1oXrG69rLI6M67BHAYzLYS3qR5QuyfxTpEdGmJQIfzbuRYa8MT6rTdw9c

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: